Ուսուցիչներին

Մեր մեծ նպատակներից է ունենալ Հայաստանում ուժեղ ուսուցչական համայնք։

Ինչ ենք մենք առաջարկում


«Այբ»-ի առաքելության անբաժան մասն է ուսուցիչների վերապատրաստումն ու կարողությունների շարունակական զարգացումը։ Որպես կրթության ոլորտում երկարամյա փորձ ունեցող կազմակերպություն՝ մենք այդ առաջադեմ փորձը տարբեր նախաձեռնություններով փոխանցում ենք ուսուցիչներին։ Այս գործընթացն «Այբ»-ում սկիզբ է դրվել դեռ Արարատյան բակալավրիատի շրջանակում ուսուցիչների կարողությունների զարգացման և ուսուցման նոր մեթոդների շարունակական ներդրման միջոցով։ 

«Այբ» ակադեմիան ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրել ուսուցիչների վերապատրաստման գործընթացը և նպատակ ունի նպաստելու նաև ուսուցիչների առաջնորդության ինստիտուտի ներդրմանը։ Մեր տեսլականն է ուսումնառության միասնական հարթակի ստեղծումը Հայաստանի, Արցախի և սփյուռքի մասնագետների համար, որով կխթանվի մանկավարժամեթոդական նորարար գաղափարների տարածումը կրթության ոլորտում, և կձևավորվի ու կզարգանա միմյանցից սովորելու կրթական մշակույթը։

«Այբ»-ը ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր է իրականացնում ոչ միայն պետական ու մասնավոր, այլև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Վերջին երկու խոշոր նախաձեռնություններից մեկով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իրականացվում է ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագիր Հայաստանի 6 մարզում՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում։ Մյուսով, Տավուշի մարզում հանրակրթական ուսումնական հաստատություններում պետական նոր կրթական չափորոշիչների ներդրման նպատակով, ավելի քան մեկ տարի վերապատրաստվել են ԳՏՃՄ առարկաների ուսուցիչներն ու դպրոցների ղեկավար կազմը:

«Քան» ակադեմիան՝ «Այբ»-ի կողմից տեղայնացվող միջազգային խոշորագույն առցանց կրթական հարթակը, անվճար առցանց ուսուցման մեծ հնարավորություններ է առաջարկում ուսուցիչներին։ Հատկապես ճգնաժամային իրավիճակներում այն առցանց ուսուցման լավագույն հարթակներից է: «Այբ»-ը պարբերաբար կազմակերպում է դասընթացներ և աշխատարաններ հարթակից օգտվող և այն նոր բացահայտող ուսուցիչների համար։ Մենք նաև ձևավորում ենք «Քան» ակադեմիայի դեսպան-ուսուցիչների համայնք մարզերում և Արցախում՝ հարթակի անվճար, որակյալ ու հայալեզու ռեսուրսներն ավելի մեծ թվով շահառուների հասանելի դարձնելու համար։

Կրթական շարժումը թվերով

1679

«Այբ» ակադեմիայի թիմի վերապատրաստած ուսուցիչներ և դպրոցների ղեկավար կազմ

1100

«Այբ»-ն իր ծրագրերով աջակցում է ավելի քան 1100 դպրոցի (ՀՀ և Արցախի դպրոցների 70%-ին)

11 393

«Քան» ակադեմիայի հարթակում գրանցված ուսուցիչներ