Վերադառնալ

«Այբ» ակադեմիա․ կրթական նոր չափորոշիչների ներդրում

Փորձարարական ծրագիր Տավուշի մարզում
Ծրագրի
նկարագրություն

2021-ի հուլիսին ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը մեկնարկեց Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում պետական նոր կրթական չափորոշիչների ներդրման մեկամյա փորձարարական ծրագիրը։ Նոր չափորոշիչների ներդրման գործընթացում ծրագրի ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների ուսուցիչների առարկայական և մանկավարժական վերապատրաստումներն իրականացրեց «Այբ» կրթական հիմնադրամը։

Հանրակրթական չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության և Համաշխարհային բանկի կողմից՝ «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակում։

Ծրագրի նպատակային երկու բաղադրիչներն էին՝

  • աջակցել 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների ուսուցիչներին անցնելու նոր չափորոշիչներով դասավանդմանը.
  • վեր հանել ուսումնական նոր ծրագրի ու մշակված առարկայական նյութերի ներդրման արդյունքում առաջացած ու հնարավոր խնդիրներն ու բացերը։

Մեկամյա ծրագրի ընթացքում «Այբ» կրթական հիմնադրամի փորձառու թիմն իրականացրեց առարկայական և մանկավարժական, ինչպես նաև դպրոցների ղեկավար կազմի վերապատրաստումներ՝ դեմառդեմ և առցանց ձևաչափերով։

Վերապատրաստումների մաս էին իրազեկման և մենտորական հանդիպումները, լաբորատոր աշխատանքները, տնօրենների հետ հանդիպումներն ու դասալսումները։ 

«Այբ» կրթական հիմնադրամը կատարեց ծավալուն աշխատանք բնագիտական առարկաներ դասավանդող շուրջ 770 ուսուցչի և դպրոցների ղեկավար կազմի 150-ից ավելի ներկայացուցչի համար, որոնցից 680-ն անցան մանկավարժական վերապատրաստում։ Տեղերում ուսուցիչներին մենտորական աջակցության գործընթացում ներգրավելու և որպես տեղական մենտոր պատրաստելու նպատակով հիմնադրամը վերապատրաստեց 27 ուսուցիչ: Ինչպես տեղական, այնպես էլ ավագ մենտորներն իրականացրին շարունակական դասալսումներ մարզի 78 դպրոցներում (համապատասխանաբար՝ 147 և 435 դասալսում):

Վերապատրաստումներին զուգահեռ՝ «Այբ» կրթական հիմնադրամն ուսումնական ողջ տարվա ընթացքում տրամադրեց շարունակական մենտորական աջակցություն (376 մենտորական հանդիպում, ընդհանուր 564 ժամ) և իրականացրեց մարզի դպրոցների ղեկավար կազմի մասնագիտական զարգացման ծրագիր։

Ծրագրի նպատակը դպրոցների տնօրեններին և ուսումնական գծով փոխտնօրեններին աջակցելն էր՝ իրենց դպրոցներում արդյունավետորեն առաջնորդելու տվյալների վրա հիմնված բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև անցնելու նախագծային ուսումնառության ակտիվ կիրառմանը։

Օգտակար նյութեր ու հղումներ
Միասին դեպի կրթական նոր նպատակներ