«Ռուսական արջուկ» մրցույթը «Կենգուրու» միջազգային հանրաճանաչ մրցույթի «կրտսեր եղբայրն» է: «Այբ» կրթական հիմնադրամը «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» ռուսաց լեզվի միջազգային մրցույթի բացառիկ կազմակերպիչն է Հայաստանում (2010 թվականից) և Արցախում (2011 թվականից):
«Ռուսական արջուկ» մրցույթը՝
• տրամաբանական է և հետաքրքրաշարժ,
• մատչելի է բոլոր երեխաների համար` անկախ առաջադիմությունից,
• ներկայացնում է թե՛ լեզվական, թե՛ տրամաբանական հարցեր,
• նպաստում է օտար լեզուների ուսումնասիրությունն ավելի հետաքրքիր դարձնելուն։
Մրցույթի գլխավոր նպատակն է՝ պահպանել հետաքրքրությունը ռուսաց լեզվի հանդեպ և այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցույց տալով ռուսաց լեզվի ողջ հմայքն ու հարստությունը:
«Ռուսական արջուկն» օգնում է երեխաների լեզվամտածողության զարգացմանն ու հղկմանը և աշակերտների շրջանում առաջացնում ցանկություն՝ ուսումնասիրելու նոր օտար լեզուներ:
Մրցույթին կարող են մասնակցել 2-12-րդ դասարանների բոլոր աշակերտները։ Այն անցկացվում է առցանց` երեխաների համար հարմարավետ միջավայրում, և մասնակցության նախապայման (նախնական փուլ) չկա: Առցանց մրցույթը նաև նպաստում է համակարգչային գրագիտության հմտությունների զարգացմանը։ Բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ, իսկ դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում:
Մեկնարկից ի վեր ռուսաց լեզվի այս մրցույթն ունեցել է 76 229 մասնակից Հայաստանից և Արցախից՝ երեխաների մեջ այս առարկայի հանդեպ սեր առաջացնելով ու խորացնելով տրամաբանական մտածողությունը։
2023 թվականի սեպտեմբերին «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ի հետ կնքած հուշագրով՝ «Այբ» կրթական հիմնադրամն իր գործընկերոջը փոխանցեց մրցույթի անցկացման իրավունքը: