Վերադառնալ

Մեղու

Հայերենը բոլորի համար

«Մեղուն» հայոց լեզվի զանգվածային ամենամեծ մրցույթն է հայալեզու աշխարհում։ Խտացնելով տարիների իր հաջողված փորձը՝ «Այբ» կրթական հիմնադրամը որակյալ հայալեզու բովանդակություն է հասանելի դարձնում թե՛ ՀՀ, թե՛ Արցախի, թե՛ սփյուռքի աշակերտների համար։

Մայրենի լեզվի յուրացումը, ընդհանուր իմացության ու մտածողության զարգացումը պայմանավորում են աշխարհի ճանաչողության մարդու կարողությունն ու մտահորիզոնը։ «Մեղու» մրցույթը՝ ժամանակակից առցանց թեստերի իր գործիքակազմով, ճանաչողության ուրույն հարթակ է բացում երեխաների համար։ Հայերենի և տրամաբանության հանդեպ սեր և հետաքրքրություն արթնացնելով՝ մրցույթը միավորում է մտքի զարգացման համընդհանուր օրինաչափությունը հայագիտության ճանաչողական նպատակների հետ։ 

2014-ից «Մեղուն» այս առաքելությամբ անցկացվում է ՀՀ և Արցախի, իսկ 2019-ից՝ սփյուռքի 3-12-րդ դասարանների աշակերտների համար։ 2021-ին «Մեղու»-ին առաջին անգամ մասնակցեցին նաև մեծահասակները։

«Մեղու»-ի տրամաբանական խնդիրներն օգնում են՝

  • վաղ հասակից զարգացնելու հայերենով մտածելու ունակությունը,
  • լուծելու տրամաբանական խնդիրներ՝ սովորելով խաղային եղանակով,
  • զարգացնելու որոշումներ կայացնելու և ժամանակը կառավարելու կարողությունը,
  • բարելավելու հիշողությունը և ուշադրության բաշխումը,
  • վարժվելու առցանց գործիքներին և բարձրացնելու համակարգչային գրագիտության մակարդակը,
  • սահմանելու նոր նշաձողեր և գերազանցելու դրանք,
  • յուրացնելու ինքնուրույն մտածողության ու ինքնագնահատման մշակույթը։

Մրցույթն անցկացվում է առցանց և մասնակիցների համար հարմարավետ միջավայրում։ Սա հնարավորություն է ստեղծում մասնակցելու կրթական այս շարժմանը՝ անկախ գտնվելու վայրից։ 

Մինչև 2021-ը «Մեղուն» իրականացվում էր հարթակում յուրաքանչյուր մասնակցի անհատական գրանցմամբ: 2022-ից սկսած՝ մրցույթն անցկացվում է նոր ձևաչափով՝ առավել շատ հնարավորություններ ապահովելով առավել մեծաթիվ սովորողների համար։ Հաշվի առնելով՝ որքան մեծ դեր ունեն երեխաների աջակցության հարցում դպրոցները՝ ներդրվել է դպրոցների բաժանորդագրության մոդելը։ Միանվագ վճարում կատարելով՝ դպրոցներն իրենց 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար հասանելի են դարձնում թե՛ մրցույթը, թե՛ կրթական այլ նյութեր ու ռեսուրսներ։ 
 

Ինչ է տալիս նոր մոդելը


Սովորողին

  • Մեկ անձի մասնակցության ավելի ցածր արժեք
  • Գրանցում առանց վճարման կտրոնի անհրաժեշտության
  • Մրցույթից առաջ նմուշային թեստեր ստանալու, օժանդակող վեբինարների մասնակցելու հնարավորություն
  • Տեխնիկապես բարելավված հարթակում թեստերի անցկացում

 
Դպրոցին

  • Մրցույթին մասնակցելու փաթեթային հնարավորություն 
  • Կրթական, տեխնիկական վերապատրաստումների և ուսումնական նյութերի անվճար հասանելիություն ուսուցիչների և դպրոցի անձնակազմի համար
  • Դպրոցի միացում արդի հմտություններ զարգացնող և ընդգրկուն այբական համայնքին

Պահպանված է նաև անհատական գրանցման հնարավորությունը՝ բաժանորդագրված դպրոցների մեր ցուցակում չներգրավված դպրոցների աշակերտների համար։

«Մեղու․ հայերենը բոլորի համար» մրցույթը հայոց լեզվի պահպանությանը, տարածմանը և դրա հանդեպ երեխաների մեջ սիրո ձևավորմանն ուղղված եզակի զանգվածային միջոցառում է ողջ աշխարհում։ Մեկնարկից ի վեր մրցույթում ունեցել ենք 227 236 մասնակից աշակերտ ՀՀ-ից և Արցախից և ավելի քան 1000 մասնակից սփյուռքից։

2023 թվականի սեպտեմբերին «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ի հետ կնքած հուշագրով՝ «Այբ» կրթական հիմնադրամն իր գործընկերոջը փոխանցեց մրցույթի անցկացման իրավունքը:

Օգտակար նյութեր ու հղումներ
Հայերենը բոլորի համար