Վերադառնալ

Կրթության գերազանցության ազգային ծրագիր

Պետական ծրագիր հանրակրթության ոլորտում
Ծրագրի
նկարագրություն

2014 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի  գնահատման և միջազգային կրթության կենտրոնի (Անգլիա) և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL, ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ (IօE), սկսեց տասնամյա լայնածավալ կրթական նախաձեռնություն։ Դրա նպատակն էր Հայաստանում ստեղծել միջազգայնորեն մրցունակ այլընտրանքային դպրոցական կրթական ծրագիր և համաշխարհային դասավանդման լավագույն փորձով ու գիտելիքներով զինված ուսուցիչների համայնք, որը որոշիչ դեր կխաղա երկրի հանրակրթության համակարգի մրցունակության մեծացման, երկարաժամկետ զարգացման և համընդհանուր առաջընթացի գործում:

Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) գաղափարը «Այբ» կրթական հիմնադրամինն է: Ծրագիրն իրականացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» հիմնադրամը: Ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ կառավարության և «Այբ» հիմնադրամի կողմից:

ԿԳԱԾ-ի շրջանակում «Այբ» հիմնադրամն իրականացրել է ուսուցիչների երկարատև ու համապարփակ վերապատրաստում՝ միջազգային գործընկեր կազմակերպությունների փորձագետների միջոցով: Նախատեսված էր, որ արդեն վերապատրաստված ու հավաստագրված ուսուցիչներն իրենց հերթին դառնալու են հարյուրավոր ուսուցիչների վերապատրաստումն իրականացնող փորձագետներ:

 

Հանրակրթական համակարգի բարելավումը համընդհանուր ու բարդ խնդիր է և պահանջում է բազմակողմանի մոտեցումներ: Համակարգի մրցունակությունը, երկարաժամկետ զարգացումն ու համընդհանուր առաջընթացն էականորեն պայմանավորված են համակարգի բոլոր բաղադրիչների բարելավմամբ։ Այդ բաղադրիչների թվում են դասավանդման մեթոդաբանությունը, առարկայական ծրագրերը, առարկայական դասագրքերն ու դասագրքաստեղծման մեթոդաբանությունը, ուսուցիչների աշխատանքի գնահատումը, աշակերտների գնահատման մեթոդները և այլն: Միևնույն ժամանակ ուսուցիչների մասնագիտական աճի լայն հնարավորությունները, մրցունակ աշխատավարձը, հասարակական պահանջի ձևավորումը և հասարակության մեջ ուսուցչի դերի կարևորության մեծացումը այն գործոններն են, որոնք առանցքային կարող են դառնալ Հայաստանի դպրոցական կրթության ողջ համակարգի կատարելագործման համար:


ԿԳԱԾ-ի նպատակները

  • Հայաստանում լավագույն մարդկային ռեսուրսն ուղղել դպրոց․ դարձնել ուսուցչի աշխատանքը պատվաբեր և ապահովել պատշաճ ու մրցունակ վարձատրություն
  • Ձևավորել բարձրակարգ մանկավարժների համայնք․ ստեղծել համաշխարհային դասավանդման լավագույն փորձով ու գիտելիքներով զինված ու մրցունակ ուսուցիչների համայնք
  • Ներդնել դպրոցներում նոր այլընտրանքային ուսումնական ծրագիր
  • Աջակցել և խթանել դպրոցների ինստիտուցիոնալ զարգացումը․ ներդնել Արարատյան բակալավրիատը Հայաստանի և Արցախի բոլոր ավագ դպրոցների առնվազն մեկ դասարանում՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հայ աշակերտի՝ անվճար ստանալու լավագույն կրթություն

ԿԳԱԾ-ի իրականացման գլխավոր գործիքը Արարատյան բակալավրիատն (ԱԲ) է:

ԱԲ-ը համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ ուսումնական ծրագիր է՝ նախատեսված ժամանակակից պետական և մասնավոր կրթական հաստատությունների համար: ԱԲ-ի ծրագրում համադրվում են մի շարք հիմնական և ընտրովի առարկաներ, այդ թվում՝ մաթեմատիկա, բնագիտական առարկաներ, պատմություն, հասարակագիտական առարկաներ, լեզուներ և արվեստ։ Շուրջ ութ տարի՝ նախքան «Արարատյան բակալավրիատ» անունը ստանալը, ծրագրի ամեն մի տարր մանրազնին մշակվել, փորձարկվել և կատարելագործվել է «Այբ» կրթական հիմնադրամի իրականացրած ծրագրերի շրջանակում և «Այբ» դպրոցում:

Արարատյան բակալավրիատը ՀՀ ԿԳ նախարարի՝ 2015 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1073-Ա/Ք հրամանով պաշտոնապես ճանաչվեց որպես այլընտրանքային դպրոցական ծրագիր Հայաստանի Հանրապետությունում: Սա նշանակում է, որ մեր երկրում այսուհետ պաշտոնապես հաստատված և ճանաչելի է միաժամանակ երկու հայալեզու դպրոցական ծրագիր՝ պետական և այլընտրանքային՝ Արարատյան բակալավրիատը: 

ԱԲ-ը, ըստ ԿԳԱԾ-ի, նպատակ ուներ տարածվելու ամբողջ երկրով մեկ՝ հնարավորություն ընձեռելով հայ աշակերտներին անվճար սովորելու «Այբ»-ի կրթական ծրագրերով և մեթոդաբանություններով: 

 

ԿԳԱԾ-ի առաջին՝ նախապատրաստական փուլում (2014-2016 թթ.) լրամշակվել է Արարատյան բակալավրիատի ուսումնական ծրագիրը՝ որպես հայալեզու, միջազգայնորեն ճանաչված գերազանցության կրթական համակարգ:

  • ԱԲ-ի առարկայական ծրագրերի լրամշակման նպատակով Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնը կատարել է միջազգային համաքննում գերազանցության այլ հարթակների հետ։ ԱԲ-ի ծրագրերը գնահատվել են որպես միջազգային նմանատիպ առաջատար ծրագրերի հետ (International Baccalaureate, Advanced Placement, GCE A Levels) հիմնականում համադրելի և մրցունակ, իսկ որոշ դեպքերում՝ անգամ գերազանցող:
  • Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ միասին մշակվել են ուսուցիչների վերապատրաստման և հավաստագրման ծրագիրը, գործողությունների պլանը և անհրաժեշտ կրթական նյութերը, որոնցով վերապատրաստվելու էին ապագայում ԿԳԱԾ-ում ներգրավվելիք բոլոր ուսուցիչները:

 

ԿԳԱԾ-ի երկրորդ փուլում (2017–2019 թթ.) ԱԲ-ը մեկ դասարանով ներդրվելու էր այն դպրոցներում, որոնք՝

  • տեղակայված են ՀՀ մարզերում և Ստեփանակերտում, 
  • ունեն ավագ դպրոցի բաղադրիչ (առանձին գործող ավագ դպրոցներ, միջնակարգ դպրոցներ, վարժարաններ, կրթահամալիրներ) և հատուկ կամ մասնագիտացված դպրոց չեն։


ԿԳԱԾ-ի երրորդ փուլում (2020-2023 թթ.) ԱԲ-ը ներդրվելու էր Հայաստանի և Արցախի մյուս բոլոր ավագ դպրոցներում՝ յուրաքանչյուրում առնվազն մեկ դասարանով:

Կրթության գերազանցության ազգային ծրագրի շնորհիվ Հայաստանն առաջին անգամ համաշխարհային կրթական հարթակում կարող էր իր ուրույն ու կարևոր տեղը զբաղեցնել: Համաշխարհային լավագույն փորձի հետազոտությունը ցույց է տալիս, որ չկա միջազգայնորեն մրցունակ հանրակրթական մի մոդել, որը գերակա է մյուսների նկատմամբ կամ կարող է փոխարինել ազգային կրթական ծրագրերին: Փոխարենը յուրաքանչյուր պետություն մշակում է իր սեփական համակարգը՝ միջազգային լավագույն փորձի տարբեր համակարգերը փոփոխելով և հարմարեցնելով իր կարիքներին ու հանգամանքներին:

Ցավոք, ԿԳՄՍ նախարարությունը 2018 թ.-ին առանց որևէ հիմնավորման կասեցրեց Արարատյան բակալավրիատի ներդրումը ՀՀ պետական դպրոցներում, ինչի հետևանքով Հայաստանի մարզերում և Արցախում բազմաթիվ աշակերտներ զրկվեցին համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխան այս ծրագրով անվճար սովորելու հնարավորությունից` առանց համարժեք այլընտրանք ունենալու:

Եվ չնայած նրան, որ ՀՀ ԿԳՄՍՆ հետ «Այբ» հիմնադրամն ունի ստորագրված հուշագիր, որով կողմերն ամրագրում են, որ փորձելու են ջանքեր ներդնել ծրագրի շարունակականությունն ու միջազգային ճանաչումը պահպանելու համար՝ ԱԲ-ն այսօր գործում է միայն «Այբ» դպրոցում։

Օգտակար նյութեր ու հղումներ
Միջազգայնորեն մրցունակ հանրակրթական մոդել