Ավարտին է մոտենում ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագիրը, որն իրականացվել է «Այբ» կրթական հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում (ֆինանսավորող՝ Ավստրիական զարգացման գործակալություն):
Ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը տեղի կունենա հունիսի 23- ին՝ ժամը 14:00-ին, «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի «Բոլլ ռում» սրահում (Իտալիայի փողոց 1, Երևան)։
Ծրագրի նպատակն էր Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի 7-11-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներին ծանոթացնել կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին և այդ թեմայի շուրջ ուսումնական նախագծային աշխատանքի կազմակերպման ողջ գործընթացին: Մենք միաժամանակ աշխատեցինք ՀՀ 6 մարզի 272 բնակավայրի 376 ուսուցչի հետ։ Արդյունքում ուրախ ենք արձանագրելու, որ մասնակից ուսուցիչները հնարավորություն ունեցան ամբողջությամբ յուրացնելու ուսումնական նախագծային աշխատանքի բովանդակությունն ու քայլերի հաջորդականությունը, ինչպես նաև փորձառու մենտորների ուղղորդմամբ գործնականում կիրառեցին ստացած գիտելիքը՝ իրականացնելով 275 բնապահպանական նախագիծ, որոնցում ներգրավվել է 2015 աշակերտ: