Վերադառնալ
ForMath-ը վերադառնում է

Ամենամյա ForMath մրցույթը բիզնես թիմերի մասնակցությամբ այս տարի տեղի կունենա մարտի 10-ին։
«Այբ» կրթական հիմնադրամը հրավիրում է մասնակցելու ֆոնդահայթայթման նպատակով կազմակերպվող այս մրցույթին։ 

Թիմերի մասնակցության վճարը կուղղվի «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակում մաթեմատիկական խնդիրների տեղայնացմանը՝ հայալեզու որակյալ կրթական ռեսուրսներին անվճար հասանելիություն ապահովելու համար։

Այնպիսի արտակարգ իրավիճակներում, ինչպիսիք են համավարակը, պատերազմը կամ շրջափակումը, խախտվում է երեխաների կրթության իրավունքը։ Երեխաները ստիպված են լինում դադարել հաճախել դպրոց, ժամանակավոր կամ ընդմիշտ փոխել իրենց մշտական բնակության վայրը, ինչի հետևանքով կտրվում են իրենց սովորական առօրյայից և դասերից։ Առցանց նյութերի առկայության դեպքում երեխաները հնարավորություն կունենան չընդհատելու ուսումնառության գործընթացը և սովորելու ցանկացած վայրում ու իրավիճակում, եթե ունեն հասանելիություն համացանցին։

ForMath մրցույթն անցկացվելու է «Friday night with impact» ձևաչափով։ Կազմակերպությունները նախ կմասնակցեն մրցութային մասին, հետո նաև կունենան հետաքրքիր շփման հնարավորություն հյուրասիրության շուրջ։ Առաջին երեք տեղերի համար նախատեսված են մրցանակներ։


Մրցույթը հատկապես հետաքրքիր կլինի ընկերությունների այն աշխատակիցների համար, որոնց առօրյա գործն ունի մաթեմատիկական բաղադրիչ։


Մրցույթի մասին բոլոր մանրամասները կարող եք տեսնել այստեղ։