Վերադառնալ

«Այբ» կրթական հանգույց

Հայաստանում առաջին դպրոցական ավանը
Ծրագրի
նկարագրություն

«Այբ» կրթական հանգույցը «Այբ» կրթական հիմնադրամի խոշոր ծրագրերից է: Այն Հայաստանում առաջին դպրոցական ավանն է՝ իր բոլոր ենթակառուցվածքներով` դպրոց, գիտության ու տեխնոլոգիայի կենտրոն, ֆաբլաբ, եկեղեցի ու համայնքային կենտրոն, մանկապարտեզ, սպորտային համալիր, հանրակացարաններ, կանաչապատ տարածքներ, և զբաղեցնում է 6,95 հա հողատարածք Թբիլիսյան խճ. 11/11 հասցեում: Հանգույցը նախատեսված է 800 աշակերտի համար և ունի եռաստիճան համակարգ՝ տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-9-րդ դասարաններ) և ավագ (10-12-րդ դասարաններ) դպրոցներ:

Ավանի ճարտարապետական յուրօրինակ լուծումները հայ ճարտարապետների և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ու Հարվարդի համալսարանի առաջատար մասնագետների ու գիտնականների համատեղ աշխատանքի պտուղ են: Ճարտարապետական նախագծում հաշվի են առնվել դպրոցաշինության արդի զարգացումները և համաշխարհային փորձառությունը:

Հանգույցի յուրաքանչյուր տարր կրում է կրթության հետ կապված բովանդակություն և նպաստում ուսյալ, մրցունակ, առաքինի սերնդի ձևավորմանը:  «Այբ» կրթական հանգույցի առանցքային բաղադրիչը դպրոցն է:

Դպրոցը մենք դիտում ենք որպես ոչ միայն գիտելիքներ ու հմտություններ փոխանցող հաստատություն, այլև հասարակական կյանքի ամենահիմնարար կառույց: «Այբ» կրթական հանգույցում խաչաձևվում են մանկավարժությունը, գիտությունը, արվեստը, գործարարությունը և հասարակական կյանքի շատ ոլորտներ:

Մենք ձգտում ենք իրական կապ ստեղծել կյանքի զարգացման առաջատար ուղղությունների ու կրթության միջև և ուսումնառության գործընթացը չսահմանափակել սոսկ գիտելիքների փոխանցմամբ:

«Այբ» կրթական հանգույցի բաղադրիչները

  • Դպրոց

Դպրոցում է ձևավորվում մարդը որպես հասարակության անդամ և որպես որոշակի ընդհանրական գիտակցության կրող, դպրոցը տվյալ ժողովրդի ժառանգության և համամարդկային ձեռքբերումների փոխանցման հանգույցն է:

  • Եկեղեցի և համայնքային կենտրոն

«Այբ» կրթական ավանում եկեղեցու առկայությունը խորհրդանշում է ճանաչողության ու բարոյական արժեքների կապը: «Այբ» դպրոցը աշխարհիկ դպրոց է, և Սրբոց Թարգմանչաց եկեղեցին ոչ թե գործելու է դպրոցին կից, այլ լինելու է մեծ կրթական ավանի մի մասը:

  • Ֆաբլաբ

Ֆաբլաբը արհեստանոց-լաբորատորիա է, որը աշակերտներին հնարավորություն է տալիս գիտահետազոտական աշխատանքներ կատարելու ռոբոտաշինության, ճարտարագիտության, տեխնոլոգիայի, մեքենաշինության և այլ ոլորտներում, ինչպես նաև ստեղծում է հետազոտությունների նոր հարթակ երիտասարդ հայ գիտնականների համար:

  • Գիտության և տեխնոլոգիայի կենտրոն

Կենտրոն-թանգարանը մի նոր հարթակ է, որը կխթանի երիտասարդների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրությունը, փորձարարական գիտությունների ուսումնասիրման գործում փորձերի կատարումը, ուսուցիչների մասնագիտական զարգացումը:

  • Սպորտային համալիր

Առողջ մարմնում՝ առողջ հոգի և առողջ միտք: «Այբ» կրթական ավանում գործող մեծ սպորտային համալիրը կբավարարի սպորտի պարտադիր առարկաների, առողջ ապրելակերպի և ակտիվության պահանջները:

  • Մանկապարտեզ

Նախադպրոցական տարիքի երեխաները ներգրավվում են ամբողջական կրթության գաղափարի մեջ: Մանկապարտեզը բացահայտում ու զարգացնում է երեխաների ներուժը՝ սերմանելով նրանց մեջ ճանաչողության նկատմամբ սերը:

  • Հանրակացարաններ և հյուրատուն

Նախատեսված են Հայաստանի մարզերից և արտերկրից աշակերտների, հրավիրյալ դասախոսների ու ուսուցիչների, ավանի հյուրերի համար:

  • Կանաչապատ տարածքներ

Կանաչապատ հատվածները շրջապատում են դպրոցը՝ ծառայելով որպես հանգստի գոտի, համայնքի հավաքատեղի, ինչպես նաև ուսման և առողջ ապրելակերպի համար բարենպաստ միջավայր:

Այսօր գործում են «Այբ» տարրական, միջին և ավագ դպրոցները (4300 քմ ընդհանուր մակերեսով)՝ հագեցած ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով ու լաբորատորիաներով, ուսումնառությանը տրամադրող գեղեցիկ ու հարմարավետ շենքային պայմաններով:

«Այբ» կրթական հանգույցը մոտակա մի քանի տարիներին զարգանալու է նոր բաղադրիչների կառուցմամբ և գործարկմամբ: Արդեն հաստատված են ամբողջ կրթական ավանի ճարտարապետական նախագիծն ու գլխավոր հատակագիծը՝ «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի հեղինակությամբ։ Դպրոցին կից բացվել է ֆաբլաբ՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծած արհեստանոց-լաբորատորիա, որտեղ աշակերտները տեսականը կիրառում են գործնականորեն:

Շարունակվում է ավանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու և համայնքային կենտրոնի շինարարությունը:

Արդյունքները՝ թվերով

  • Ներդրում՝ 3 222 923 000 ՀՀ դրամ կամ 7 922 679 ԱՄՆ դոլար (2010-2015 թթ. ընթացքում)
  • 7 հա տարածք՝ իր 8 կրթական բաղադրիչներով, 800 աշակերտի համար նախատեսված
  • 190 բարերար 10 երկրից  (2016 թ. հուլիսի 31-ի դրությամբ) 
  • 7000 քմ ուսումնական մակերես՝ «Այբ» դպրոցի գործող երեք մասնաշենքերում

Շնորհակալություն ենք հայտնում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին, Հարվարդի համալսարանին, Դիզայնի բարձրագույն դպրոցին և «Ստորակետ» ճարտարապետական արհեստանոցին այս ծրագրի իրականացմանն աջակցելու համար։

Օգտակար նյութեր ու հղումներ
«Այբ» դպրոցական ավան