«Այբ» կրթական ավանում կկառուցվի ավագ դպրոցի նոր մասնաշենք՝ դանիական աշխարհահռչակ BIG (Bjarke Ingels Group) ընկերության հետ համագործակցությամբ։
«Այբ»-ի գաղափարախոսությամբ՝ կրթական միջավայրը պարզապես ֆիզիկական տարածք չէ. այն կրթության կազմակերպման ուրույն դերակատար է, և ճարտարապետական յուրաքանչյուր լուծում պետք է արտացոլի մեր արժեքներն ու գաղափարները։
Այս նախագիծն ունենալու է կրթական ու սոցիալական մեծ ազդեցություն: Այն ոչ միայն կմեծացնի մրցունակ, որակյալ ու նորարար կրթության հնարավորությունները, այլև կկրկնապատկի ավագ դպրոցի աշակերտների թիվը։ Սա նշանակում է, որ, ընտանիքի ֆինանսական կարողություններից անկախ, ավելի շատ երեխա հնարավորություն կունենա ստանալու լավագույն կրթություն, քանի որ «Այբ» ավագ դպրոցում աշակերտների շուրջ 70%-ը սովորում է բարերարների աջակցությամբ։
«Այբ»-ի համագործակցությունը ճարտարապետական առաջատար կազմակերպության հետ ոչ միայն կրթության ոլորտում կարևոր ձեռքբերում կլինի մեր երկրի համար, այլ նաև կրթության ճարտարապետության հավակնոտ նախագիծ՝ համաշխարհային մակարդակով: BIG-ը համարվում է աշխարհի լավագույն և նորարարական ճարտարապետական ընկերություններից մեկը, որը հիմնադրվել է դանիացի հեղինակավոր ճարտարապետ Բյարկե Ինգելսի կողմից և նախագծեր է իրականացնում աշխարհի տարբեր անկյուններում՝ ստեղծելով շենքեր, որոնք փոխակերպում են քաղաքային տարածքները և դարձնում դրանք զբոսաշրջային հայտնի կենտրոններ:
Նախագիծը, բացի միջազգային ճարտարապետական ընկերությունից, ունի նաև հայաստանյան գործընկերներ․ «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը հանդես է գալիս որպես գործադիր ճարտարապետ, իսկ ծրագրի կառավարումը ստանձնել է «Պրոդեկո» կազմակերպությունը: «Այբ» կրթական ավանում նոր մասնաշենք կառուցելու նախագծին միացել է նաև Revizto-ն՝ որպես հովանավոր և գործընկեր տրամադրելով համաշխարհային առաջատար ծրագրային լուծումներ, որոնք կնպաստեն նախագծման և շինարարության հաջող իրականացմանը։
«Այբ» ավանում ավագ դպրոցի նոր մասնաշենք կառուցելու համար Երևանի քաղաքապետարանից ստացել ենք նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք):
Նախագծի իրականացման առաջին խոշոր ներդրումն արդեն կատարել է «Հենդերսոն Հայաստան» ընկերությունը: Նոր մասնաշենքը նախատեսվում է ամբողջությամբ կառուցել բարերարների ու «Այբ» համայնքի միջոցներով: