«Այբ» կրթական հիմնադրամի առաջին ծրագրերից է։ Իրականացվել է 2006-2008 թվականներին բարձր դասարանցիների համար:
Մասնակցությունը «Այբ»-ի կազմակերպած առարկայական խորացված դասընթացներին մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և անգլերեն առարկաներից երկու տասնյակ շնորհաշատ դպրոցականների հնարավորություն է տվել անվճար աջակցություն ստանալու գիտելիքների զարգացման և հետագա մասնագիտության ընտրության հարցում:
Ծրագրի շրջանավարտներից շատերն ընդունվել են աշխարհի լավագույն բուհեր կամ ավարտելուն պես աշխատանքի անցել իրենց երազած մասնագիտությամբ, դարձել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ, ինչպես նաև ծրագրեր նախաձեռնել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում՝ ի նպաստ հայրենիքի զարգացման:
Այս ծրագրի շրջանակում է հետագայում ծնունդ առել «Այբ» հիմնադրամի կողմից 2014 թվականին գործարկված Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) իրականացման գլխավոր գործիքը՝ համաշխարհային մակարդակով մրցունակ և ճանաչված «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր տալ այնպիսի շրջանավարտներ, որոնք օրինակ կծառայեն իրենց քույր-եղբայրների, տարեկիցների համար և ունակ կլինեն իրենց գիտելիքներով, փորձով, կապերով աջակցելու այլ երիտասարդների՝ հասնելու կրթական բարձունքների:
Ծրագրին մասնակցությունը աշակերտներին հնարավորություն տվեց՝
Ծրագրի 20 շրջանավարտից 12-ն ընդունվեց աշխարհի լավագույն բուհեր՝ Քեմբրիջի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Ստանֆորդի համալսարան, Տորոնտոյի, Քորնելի, Իլինոյսի համալսարաններ, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ և այլն։
Ծրագրի բոլոր 20 շրջանավարտներն ընդունվեցին 3 տեղական և 11 արտասահմանյան բուհեր։
Դասընթացների շրջանավարտներից մեկը՝ Արսեն Մամիկոնյանը, ժամանակին ստանալով անհրաժեշտ աջակցություն գիտելիքների զարգացման համար, տեսնելով «Այբ» համայնքի անդամների ու մասնագետների ջերմությունն ու նվիրվածությունը, բուհն ավարտելուց հետո միացավ «Այբ»-ին։ Դառնալով «Այբ» ակումբի անդամ՝ նա իր ժամանակային ու նյութական ռեսուրսների գիտակցված ներդրմամբ ձգտեց օգնել Հայաստանի կրթական ոլորտի զարգացմանը: