Վերադառնալ

Արարատյան բակալավրիատ

Մեր այցեքարտը միջազգային բուհերում

Արարատյան բակալավրիատը (ԱԲ) համաշխարհային մակարդակով մրցունակ ուսումնական ծրագիր է, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Մինչև 2018-ը դրա ներդրման աշխատանքներով զբաղվել են հիմնադրամը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ կրթության ոլորտում առաջատար ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։ 

2016 թ․ դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց թույլատրել «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրի ներդրումը ՀՀ հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում և ճանաչել ԱԲ-ի քննությունների արդյունքները ՀՀ բուհեր ընդունելության համար։ Ծրագրի միջազգային գործընկերներն են Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնը (Cambridge Assessment International Education, Cambridge University) և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտը (UCL Institute of Education)։

Մենք ձգտում ենք՝

  • ստեղծել միջազգայնորեն մրցունակ հայալեզու դպրոցական կրթական ծրագիր ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքի հայ համայքների համար.
  • ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը.
  • կրթել 21-րդ դարի պահանջներին համապատասխան հմտություններով և գիտելիքով զինված քաղաքացիներ.
  • կրթել անհատներ, ովքեր աշխարհում հաղորդ են իրենց արմատներին և պատրաստ են պատասխանատվություն ստանձնելու ինչպես սեփական անձի, այնպես էլ ազգի ապագայի համար:

ԱԲ-ի ավարտական քննություններն աշխարհում առաջին հայալեզու, միջազգային չափանիշներին ու պահանջներին համապատասխան քննություններն են, որոնք կազմակերպում, իրականացնում և գնահատում է անկախ քննական մարմինը՝ Արարատյան բակալավրիատի քննական կենտրոնը (ԱԲՔԿ)։

Բոլոր քննությունների քննական նյութերը կազմում են կենտրոնի առարկայական մասնագետները, որ վերապատրաստվել են Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի լավագույն փորձագետների կողմից։

ԱԲ-ի քննությունները ոչ միայն ստուգում են տվյալ առարկայից աշակերտի գիտելիքները, այլև բացահայտում նրա մտածելու, վերլուծելու, մտքեր շարադրելու և լաբորատոր աշխատանքներ կատարելու հմտությունները: ԱԲ ծրագրով սովորող աշակերտների համար մշակվել են ԱԲ-ի ստանդարտ և խորացված քննություններ։ Քննությունները գնահատվում են Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի կողմից։ Քննությունների արդյունքում տրվում է Քեմբրիջի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից համահավաստագրված վկայական։ 


ԱԲ-ի առավելությունները

  • ԱԲ-ը նպատակադրում է աշակերտի զարգացումը որպես հասարակության անդամի, ով ուսումնառության ընթացքում ձեռք է բերում որոշակի արժեքներ և դառնում դրանց կրողը։ ԱԲ-ի արժեքակիր աշակերտի նկարագիրն է՝ ճանաչող և արարող, բարեխոհ և հոգատար, նախաձեռնող և հավասարակշռված, զգոն և բաց։ 
  • Տրում է առարկաները խորացված մակարդակով սովորելու հնարավորություն՝ պատրաստելով աշակերտներին հետդպրոցական կյանքին և մասնագիտական կրթություն ստանալուն։ ԱԲ-ն ապահովում է համակողմանի ուսում` համարժեք համարելով լեզուները, մաթեմատիկան, բնական և հասարակական գիտությունները, արվեստներն ու մարմնակրթությունը։ 
  • ԱԲ-ի առարկայական ծրագրերը համաքննվել են Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի կողմից և համազոր են միջազգային առաջատար կրթական ծրագրերին, սակայն դասավանդվում և քննվում են հայոց լեզվով։ Ծրագիրը միևնույն ժամանակ ապահովում է նվազագույնը B2+/C1 մակարդակի անգլերենի տիրապետում։
  • Ուսման ավարտին աշակերտները ստանում են պետական ատեստատ, Արարատյան բակալավրիատի հավաստագիր (միջազգայնորեն ճանաչելի քննությունների վկայական) և դպրոցի ավարտական վկայական։
  • Բոլոր աշակերտները բոլոր մակարդակների դիպլոմների համար պետք է ստացած լինեն նախագծային ուսումնառություն (ՆՈՒ): Նախագծերն ընտրվում և պատրաստվում են աշակերտների կողմից և ունեն հանրային նշանակություն: ՆՈՒ-ն կուռ կառուցվածքով միջառարկայական գործունեություն է, որն իրականացվում է աշակերտներից կազմված խմբերի միջոցով և ուսուցչի ղեկավարությամբ: ՆՈՒ-ի շնորհիվ գնահատվում են աշակերտների հաղորդակցության և խնդիրներ լուծելու հմտությունները նախագիծը ներկայացնելու, ինքնարտահայտվելու և խմբային գործունեության միջոցով:

Տեղական ճանաչում

ՀՀ կառավարության՝ 2012 թվականի ապրիլի 26-ի № 597-Ն որոշմամբ ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները միասնական, ներբուհական և Արարատյան բակալավրիատի քննություններն են։ Հայաստանի ամերիկյան համալսարանը տրամադրում է կրեդիտներ ԱԲ-ի առարկաների համար։


Միջազգային ճանաչում

2022 թ․ նոյեմբերի դրությամբ՝ ԱԲ-ի հավաստագիրը ճանաչելի և ընդունելի է 19 երկրի 158 համալսարանի կողմից (ներառյալ Քեմբրիջի համալսարանը, UCLA, UCL, Kings College London, Vienna Medical School, University of Minnesota Twin Cities, University of Wisconsin Madison, University College Dublin, University of Edinburgh, University of Toronto, University of British Columbia, Sorbonne University, Hong Kong University of Science and Technology և այլն)։

ԱԲ-ը Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի կողմից ճանաչվել է որպես բրիտանական A Levels ծրագրին համազոր: Համաքննության զեկույցի արդյունքում Եվրոպական տարածքի ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական ամենահեղինակավոր կենտրոններից մեկի՝ UK NARIC-ի կողմից ճանաչվել է որպես A Levels և Advanced Placement միջազգային ծրագրերին համազոր։ Արարատյան բակալավրիատն ավելացված է անգլիական բուհական ընդունելութան UCAS միասնական համակարգում։ 


Ծրագիրն ավարտել է 473 շրջանավարտ։ Արարատյան բակալավրիատի հիմքի վրա ստեղծվել է «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրը։

Օգտակար նյութեր ու հղումներ
Արարատյան բակալավրիատ․ ստեղծման պատմություն և փաստեր