Վերադառնալ

Վարպետության դասեր

Հաջողության հասնելու մասին
Ծրագրի
նկարագրություն

«Այբ» կրթական հիմնադրամը, մեծապես կարևորելով մանկավարժների, ուսուցիչների, ուսանողների վերապատրաստման և որակավորման մակարդակի բարձրացումը և ցանկանալով օգնել նրանց քայլելու ժամանակի գիտական ու տեխնոլոգիական զարգացումներին համընթաց, պարբերաբար կազմակերպում է վարպետության դասեր` տարբեր թեմաներով և ձևաչափերով:

Վարպետության դասերը նպատակ ունեն տարբեր պատմությունների միջոցով երիտասարդներին հավատ ներշնչելու սեփական ուժերի ու կարողությունների հանդեպ և օգնելու նրանց խորհուրդներով ու իրական պատմությունների օրինակներով:

«Այբ»-ի օգնությամբ Հայաստան են գալիս մարդիկ, որոնց գլխավոր հարստությունը անձնական փորձն ու անցած ճանապարհն է, և այն հասանելի է դառնում հայ հանրությանը:

Բացի դրանից, «Այբ» դպրոցում բացման օրվանից մինչ այսօր անցկացվում են հատուկ դպրոցականների համար մշակված «Անկեղծության պահեր» կոչվող վարպետության դասերը, երբ երեխաներին հյուր են գալիս կրթության շնորհիվ կյանքում հաջողության հասած և դրական ու ոգևորիչ օրինակ ծառայող մարդիկ, ովքեր անկաշկանդ ու անմիջական շփման միջոցով պատմում են, թե ինչպես են իրենք անցել իրենց հաջողության ուղին, ինչպես մտածել, ինչպես որոշումներ կայացրել, ինչով ոգեշնչվել և ինչն արժևորել: 

«Այբ» հիմնադրամի կազմակերպած վարպետության դասերը հնարավորություն են տալիս հայ մասնագետներին ու երիտասարդներին՝

  • ունկնդրելու դասախոսություններ` հետաքրքիր ու արդիական թեմաներով,
  • հաղորդակից լինելու աշխարհահռչակ ու հաջողակ մասնագետների անձնական փորձին։

Փորձառու մարդիկ իրենց օրինակով ցույց են տալիս, թե ինչպես կարելի է հաջողության հասնել այս կամ այն ոլորտում և թե որոնք են այդ հաջողության բաղադրիչ մասերն ու գաղտնիքները։ Նրանք օրինակ են ծառայում երեխաների համար, սովորեցնում ուսանողներին, ոգևորում սկսնակ ձեռներեցներին և սեփական փորձը ներկայացնում մասնագետներին:

Առաջին վարպետության դասերն «Այբ»-ը կազմակերպեց 2009 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին քիմիայի ուսուցիչների և նվիրյալների համար: Դասերը կազմակերպվեցին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Երևանյան դասերն անցկացվում էին «ԱյբԼաբ»-երում:

Դասերը վարում էին դասավանդման երկարամյա փորձ ունեցող մասնագետներ: Վարպետության դասերի այս շարքը նպատակ ուներ բարելավելու ուսուցիչների վարպետությունը՝ շնորհալի երեխաների հետ պարապելու և օլիմպիական ու ոչ ստանդարտ խնդիրների լուծման նոր հմտություններ նրանց փոխանցելու համար:

2011 թվականին «Այբ» դպրոցի բացումից հետո դպրոցը դարձավ ուսուցիչների վերապատրաստման «լաբորատորիա», որտեղ քաղաքային ու գյուղական համայնքների ուսուցիչները հանդիպում են դասալսումների, փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման համար:

«Այբ» հիմնադրամի տարբեր ծրագրերում հայաստանցի և արտասահմանցի հայտնի մասնագետներ հետաքրքիր ու արդիական թեմաներով տասնյակ վարպետության դասեր են անցկացրել հայ լսարանի համար: Դրանց մի մասն իրականացվել է «Երևան» ամսագրի և «Ակտիտուր» ընկերության հետ համագործակցությամբ՝ «Հաջողության բանաձև» կոչվող նախագծի շրջանակում: 

Արդյունքները՝ թվերով

•  14 բանախոս, 1700 մասնակից «Այբ»-ի կազմակերպած վարպետության դասերին
•  20 հյուր, 450 աշակերտ «Այբ» դպրոցի «Անկեղծության պահեր» նախագծի շրջանակում
• 100-ից ավելի ուսուցիչ Երևանից և մարզերից «Այբ»-ի կազմակերպած առաջին վարպետության դասերին

Բանախոսների թվում են եղել՝
•  ABBYY ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը,
•  ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը,
• «Ռոսգոսստրախ» ընկերության փոխնախագահ, բիզնեսի ռազմավարական զարգացման վարչության ղեկավար Ռաֆայել Մինասբեկյանը,  
• Sberbank CIB (նախկին «Тройка Диалог») ընկերության կառավարիչ, նախագահի աշխատակազմի ղեկավար Գոռ Նահապետյանը,
• Henderson ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ռուբեն Հարությունյանը, 
• հայտնի ձեռնարկատեր և վենչուրային ներդրող Սերգեյ Բելոուսովը,
• հայտնի ֆինանսիստ և Ուոլ Ստրիթում ղեկավար պաշտոններ զբաղեցրած Արթուր Բերդը:

Օգտակար նյութեր ու հղումներ
«Հաջողության բանաձև»․ վարպետության դասեր