Վերադառնալ

Ֆաբլաբ

Կրթություն, որը կիրառական է
Ծրագրի
նկարագրություն

Ֆաբլաբը ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ, MIT) ստեղծած և հատուկ սարքավորումներով ու նյութերով զինված արհեստանոց-լաբորատորիա է, որը հնարավորություն է տալիս նորարարական տեխնոլոգիաներ կիրառելու գիտական տարբեր ոլորտներում և արտադրելու գրեթե «ամեն ինչի» ձևանմուշ: Ֆաբլաբերում իրականացվող ծրագրերը վերաբերում են ինչպես տեխնոլոգիական նորարարություններին ու բարեփոխումներին, այնպես էլ գործարարական նոր մոտեցումներին ու զանազան հետազոտություններին արտադրության, ռոբոտաշինության, դիզայնի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: 

Ֆաբլաբը Հայաստանում նորարարական «խելացի» լաբորատորիաների ներդրման բացառիկ, լայնածավալ ազդեցության ծրագիր է, որը թույլ է տալիս կրթությունը դարձնել կիրառական: Ֆաբլաբերը հնարավորություն են տալիս խթանելու գիտահետազոտական աշխատանքները ռոբոտաշինության, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մեքենաշինության և այլ ոլորտներում, ինչպես նաև հետազոտությունների նոր հարթակ են ստեղծում երիտասարդ հայ գիտնականների համար:

Այս ծրագրի արդյունքում Հայաստանը միանում է ֆաբլաբերի ցանցին և դառնում աշխարհի լավագույն տեխնիկական բուհի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային կրթական հսկա ցանցի անդամ՝ հնարավորություն ստանալով օգտվելու այն հմտություններից, գիտելիքից և փորձից, որոնք ստեղծվել են ցանցի անդամ լաբորատորիաներում:

ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսավորմամբ` «Այբ» հիմնադրամը ՄՏԻ-ից ձեռք բերեց երկու ֆաբլաբի լիցենզիա, ինչպես նաև սարքավորումներ Դիլիջանի կենտրոնական դպրոցին կից ֆաբլաբի համար: Իսկ արդեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ ջանքերով և ֆինանսավորմամբ «Այբ» կրթական հիմնադրամը կառուցեց և համալրեց Երևանի «Այբ» դպրոցին կից ֆաբլաբը:

Օգտակար նյութեր ու հղումներ