2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը, ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ, Դիլիջան քաղաքում բացեց Դիլիջանի կենտրոնական դպրոցը, որը պատկանում է «Այբ» դպրոցների ընտանիքին և «Այբ»-ի՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ իրականացրած առաջին դպրոցական նախագիծն է:
«Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցությամբ ստեղծվել է քաղաքային դպրոցի մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Ընդ որում դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բոլոր աշակերտների համար. ՀՀ ԿԲ-ն փոխհատուցում է բոլոր աշակերտների ուսման ծախսերը:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը հիմնական դպրոց է՝ տարրական և միջին բաղադրիչներով: Այն 4500 քմ տարածք զբաղեցնող, մի քանի ցածրահարկ նորակառույց, տեխնիկապես համալրված մասնաշենքերից կազմված համալիր է: Դպրոցի գաղափարախոսությունը, ֆիզիկական միջավայրն ու կրթական բովանդակությունը (ուսումնական առարկայական ծրագրերը, դասավանդման մեթոդաբանությունը, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղաքականությունը, գնահատման չափանիշները, անգամ հոգեբանի և լոգոպեդի աշխատանքի համար մշակված ծրագրերը և այլն) նախագծված են «Այբ»-ի չափանիշներով:
Դպրոցի առաքելությունն է դառնալ մի միջավայր, որն ապահովում է ամբողջական ու մրցունակ կրթություն ու դաստիարակություն՝ կերտելով մի սերունդ, որը կրթված է, ունի ամուր հոգևոր արժեքներ, գեղագիտական բարձր ճաշակ և առողջ կենսակերպի ձգտում:
Դիլիջանի կենտրոնական դպրոցի կրթական փիլիսոփայությունն ու գործունեության կազմակերպումը խարսխված են հետևյալ ութ հիմնական սկզբունքների վրա:
Դպրոցի նպատակն է՝ ձևավորել համակողմանի զարգացած, հոգեպես հարուստ և առողջ մարդկանց: Դպրոցում համադրվում են գիտությունները, հումանիտար առարկաները, արվեստներն ու սպորտը:
Աշակերտը հնարավորություն ունի խորանալու իր նախընտրած առարկաների մեջ, ուսումնասիրելու, ստեղծագործելու իրեն հետաքրքրող ուղղությամբ:
Դպրոցի նպատակն է՝ ձևավորել ոչ միայն գիտելիքներով զինված մարդ, այլև բարոյապես մաքուր, սեփական ինքնությանը հաղորդ, պատկանելության և պատասխանատվության գիտակցություն ունեցող քաղաքացի:
Յուրաքանչյուր դպրոցի ամենամեծ հարստություններից մեկը նրա շուրջ համախմբված համայնքն է՝ աշխատակիցներ, ուսուցիչներ, ծնողներ, աջակիցներ, գործընկերներ, որոնց ներկայությունը դպրոցում հարստացնում է ուսումնական առօրյան՝ տալով կրթությամբ կայանալու ու բարձունքների հասնելու վստահություն:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը զինված է ստեղծագործ գաղափարների իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաներով, որպեսզի մեր աշակերտները համաքայլ ընթանան արագորեն զարգացող գիտությանը և իրական ժամանակում փորձարկեն ստացած գիտելիքները:
Հաստատության բոլոր շահառուները սիրում են աշխատել և աշխատելով սովորում են կառավարել ժամանակը, տարանջատել կարևորն անկարևորից, ձևավորել աշխատանքի արդյունավետ կազմակերպման այլ հմտություններ:
Աշակերտների մեջ ներդրվում են այնպիսի արժեքներ, ինչպիսին են փոխօգնությունը, դիմացինի կարծիքի հետ հաշվի նստելը, ուրիշի մտքերը և աշխատանքը գնահատելն ու չգողանալը և այլն: Երեխան պետք է կարևորի հանրային շահը և գիտակցի, որ իր արարքով կամ անգործությամբ ազդում է իր և այլոց կյանքի վրա:
Իր գործունեության առաջին տարում Դիլիջանի կենտրոնական դպրոցն ազդեցություն ունեցավ մի քանի կապակցված ոլորտներում՝ կրթական, մշակութային, սոցիալական, համայնքաստեղծ: Դիլիջանյան միապաղաղ իրականությունը լցվեց բազմաթիվ հետաքրքիր կրթամշակութային և համայնքային միջոցառումներով՝ շնորհիվ դպրոցական համայնքի միասնական աշխատանքի: Դպրոցը պարբերաբար հանդես է գալիս Դիլիջանի այլ դպրոցների հետ համագործակցության և համայնքային զարգացման նախաձեռնություններով:
Սովորող աշակերտ՝ 133 (2021-ի դրությամբ)