Վերադառնալ

Բնագիտության ուսանողական մրցաշար

Գիտության ԲՈՒՄերանգ
Ծրագրի
նկարագրություն

Բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն է ուղղված 2022-ին մեկնարկած Բնագիտության ուսանողական մրցաշարը (ԲՈՒՄ)։ Այն 2010-ից դպրոցականների համար կազմակերպվող Պատանի քիմիկոսների մրցաշարի տրամաբանական շարունակությունն է։ Գալիս է ընդլայնելու 2020-ին մեկնարկած Ուսանող քիմիկոսների մրցաշարը՝ ընդգրկելով ոչ միայն քիմիան, այլև բնագիտական մյուս ոլորտները։

ԲՈՒՄ-ը Հայաստանի Հանրապետության և Արցախի բուհերում կենսաբանություն, ֆիզիկա և քիմիա ուսումնասիրող ուսանողների համար է: Այն մեկ թիմում միավորում է տարբեր բուհեր և գիտական ճյուղեր ներկայացնող երիտասարադների՝ խթանելով ամենաարդի խնդիրների համար բազմակողմանի լուծումներ գտնելու մշակույթը։

Մրցաշարն անցնում  է «Գիտության ԲՈՒՄերանգ» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով ամեն նոր սերնդի՝ բումերանգի նմանվող անընդհատ վերադարձը գիտության աշխարհ։

ՀՀ-ում և Արցախում գիտական մտքի զարգացումն ու ուժեղ համայնքի ձևավորումն ընկած են հզոր և 21-րդ դարի մարտահրավերներին պատրաստ երկիր ունենալու հրամայականի հիմքում։ Աշխարհի առջև ծառացող բազմաբարդ խնդիրների հաղթահարումը պահանջում է խորքային լուծումներ և ջանքերի համատեղում։ Նման գործակցության մոդելի կառուցմանն է միտված Բնագիտության ուսանողական մրցաշարը։ 

Մրցաշարը գալիս է վերարժևորելու գիտության կարևորությունն ու ընկալումը բնական գիտություններով զբաղվող ուսանողների և հանրության համար։ Ստեղծված ընդհանուր հարթակում մասնակիցները հնարավորություն ունեն՝
•   կիրառելու գիտելիքներն ամենաարդի խնդիրների լուծման մեջ, 
•   ճանաչելի դառնալու մասնագիտական համայնքի և գործատուների համար,
• միանալու գիտական մեծ համայնքի՝ հետագա նոր համագործակցությունների համար անհրաժեշտ կապերի հաստատմամբ։

Մրցաշարի ընթացքում 4-5 հոգանոց ուսանողական թիմերը հնարավորություն ունեն՝
•    կատարելու գիտական փորձեր, 
•    ստանալու ոլորտի առաջատար մասնագետների խորհրդատվությունը,
• ներկայացնելու իրականությունից բխող խնդիրների իրենց լուծումները՝ ի ցույց դնելով  մասնագիտական կարողություններն ու ներուժը։

Կիսաեզրափակիչում առանցքային են դառնում գիտական մարտերը, որտեղ հավասարապես որոշիչ են թե՛  թիմային մարտավարությունները, թե՛ մասնակիցների անհատական որակները՝ զեկուցողի, ընդդիմախոսի, գրախոսի և դիտորդի դերերում։ Եզրափակիչը հարթակ է սեփական նախագծային աշխատանքները ներկայացնելու հնարավորությամբ։ Մասնակից թիմերն ազատ են որոշելու իրենց հետազոտության ծավալը և բնույթը։

Յուրաքանչյուր տարի մրցաշարն ունենում է իր թեմատիկ  ուղղվածությունը՝ ռազմականից մինչև էկոլոգիական։

Մրցաշարի գլխավոր ձեռքբերումը երիտասարդ և փորձառու գիտնականների, ինչպես նաև գիտական և հարակից ոլորտներում գործող կառույցների համախմբումն է գիտության զարգացման շուրջ։ Արդյունքում ունենք համագործակցության նոր մշակույթ և գիտական ուժեղ համայնք։


Բնագիտության ուսանողական առաջին մրցաշարն ունեցել է՝
•    4 թիմ,
•    20 մասնակից ուսանող (հանրապետության տարբեր բուհերից),
•    բնագիտական ոլորտի 22 առաջատար մասնագետ ՀՀ-ից և արտերկրից՝ իբրև ժյուրիի անդամ։ 


Մրցաշարին զուգահեռ՝ մասնագիտական համայնքը միավորելու, գործատուներին ներգրավելու և մրցույթի օրը իսկական գիտատոնի վերածելու նպատակով կայացել է «Գիտության ԲՈՒՄերանգ» խորագրով ցուցահանդես։ Մասնակցել  են գիտական և հարակից ոլորտների 8 ընկերություններ։

Օգտակար նյութեր ու հղումներ
Գիտության ԲՈՒՄերանգ