«Այբ» կրթական հիմնադրամի առաջին լայնածավալ ծրագրերից մեկը տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից առարկայական լաբորատորիաների` «ԱյբԼաբ»-երի ստեղծումն ու դրանցում դասավանդման մեթոդաբանությունների կատարելագործումն է: «ԱյբԼաբ»-երն ամբողջական լաբորատոր համալիրներ են` իրենց ուրույն տարածքային լուծումներով, կահավորանքի ու սարքավորումների համալրվածությամբ, հաղորդակցական և անվտանգության համակարգերով:
«ԱյբԼաբ» ծրագրի շնորհիվ ստեղծվում են ուսումնական միջավայրեր, որոնք երեխային համակում են սովորելու, նորը ճանաչելու և արարելու ցանկությամբ, որտեղ նա հնարավորություն է ունենում բացահայտելու իր ներուժը, փորձարկումներ և փոքրիկ հայտնագործություններ անելու, իր ապագա հաջողության հիմքերը դնելու:
«ԱյբԼաբ» նախագծի միջոցով ներդրվել է նաև ժամանակակից առարկայական լաբորատորիայի օրինակելի մոդել: «ԱյբԼաբ»-ը ոչ միայն լայն տարածում գտավ «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով ու ֆինանսական մասնակցությամբ, այլև դարձավ Հայաստանի տարբեր դպրոցներում ներդրվող նոր առարկայական լաբորատորիաների համար նախատիպ:
«ԱյբԼաբերը» ներդրվել են բարերարության նոր մշակույթի կիրառմամբ։ Ժամանակին դպրոցների համար բարերարություն անելը կարող էր սահմանափակվել դասասենյակի վերանորոգմամբ կամ համակարգչային տեխնիկայի նվիրաբերությամբ: «ԱյբԼաբ» նախագծի շնորհիվ բարերարությունը դպրոցների համար դարձավ առավել համակարգային ու թիրախային: «ԱյբԼաբ» ծրագիրը լավագույն օրինակ է դեպի դպրոց նոր ֆինանսական միջոցներ ուղղելու և դպրոցների ու առհասարակ կրթական ոլորտի զարգացման գործում երկարաժամկետ ներդրումներ անելու:
«ԱյբԼաբ»-երը՝
• ժամանակակից են՝ նախագծված են տեղական և արտասահմանյան լավագույն փորձի հիման վրա.
• տեխնիկապես հագեցած են՝ համապատասխանում են արդի տեխնոլոգիական և մասնագիտական չափանիշներին.
• անվտանգ են՝ բավարարում են անվտանգության և էրգոնոմիկայի պահանջներին.
• վիրտուալ են՝ տալիս են իրական և վիրտուալ փորձերի անցկացման հնարավորություն.
• նախագծված են «մեկ սարք – մեկ դասասեղան» սկզբունքով. յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է տրվում անձամբ փորձեր կատարելու.
• նպաստում են խորացված ուսուցմանը. ապահովում են թե՛ հանրակրթական, թե՛ խորացված ծրագրերով ուսուցման իրականացումը:
«ԱյբԼաբ»-եր ունենք՝
• Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (ֆիզիկայի և քիմիայի),
• Տավուշի մարզի Բերդ քաղաքի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցներում (ինֆորմատիկայի),
• Վաղարշապատի Խ․ Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում (ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի),
• Քաջարանի թիվ 1 և թիվ 4 դպրոցներում (էկոլոգիայի),
• «Այբ» ընտանիքի 4 դպրոցներում (բնագիտական «ԱյբԼաբ»-եր)։