Վերադառնալ

«Այբ» դպրոց

Հաջողության ճանապարհն ունի սկիզբ

«Այբ» դպրոցը հիմնադրվել է 2011-ին և «Այբ» կրթական հիմնադրամի կարևորագույն և խոշորածավալ ծրագիրն է։ Այն լավագույն ուսումնական ու դասավանդման տեխնոլոգիաների ու մեթոդաբանությունների մշակման և կատարելագործման «լաբորատորիա» է: «Այբ» դպրոցի առաքելությունը ուսյալ, առաքինի, պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդների սերունդներ ձևավորելն է:

Դպրոցը եռաստիճան է՝ տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ), միջին դպրոց (5-9-րդ դասարաններ) և ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ): Դպրոցում սովորում է ընդհանուր 450-ից ավելի աշակերտ, որոնց թվում են ինչպես ՀՀ, այնպես էլ արտերկրի (ընդհանուր թվի մոտ 10%-ը) քաղաքացիներ:

«Այբ» դպրոցի փիլիսոփայությունն ամփոփված է այս նշանաբանի մեջ՝ «Իմա և արա»:
Գրաբարից թարգմանաբար այն նշանակում է «Հասկացիր և արա»։ Այս երկու սկզբունքները խորապես փոխկապակցված են, այսինքն` չկա ճանաչողություն առանց իրագործման, ոչ էլ արարում` առանց իմացական ձեռքբերման: Ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տեսականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավասարակշռությունը մեր կրթական փիլիսոփայության «ոսկե կանոնն» է:

 

«Այբ» դպրոցը բյուրեղացումն է հայ դպրության լավագույն ավանդույթների և համաշխարհային կրթության բարձրագույն նվաճումների: Այն սովորելու մի նոր միջավայր է, ուր ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության մեծացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել:

 Նոր կրթական ծրագիր

«Այբ» դպրոցի բացմանը նախորդող հինգ տարիների ընթացքում հիմնադրամի մասնագետներն աշխատել են դպրոցի ներքին ճարտարապետության ու կրթական ծրագրի մշակման, փորձարկման ու կատարելագործման վրա: «Այբ» դպրոցի կրթական հիմքը «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) անունը ստացած և Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես որպես այլընտրանքային կրթական հարթակ ճանաչված ծրագիրն է, որի ավարտական հավաստագիրն ընդունելի ու ճանաչելի է թե՛ տեղական, թե՛ միջազգային բուհերի կողմից:

«Այբ» դպրոցի կրթական փիլիսոփայությունն ու գործունեության կազմակերպումը խարսխված են հետևյալ հիմնական սկզբունքների վրա.

  • ամբողջական և խորացված կրթություն («Այբ» դպրոցում համադրվում են գիտությունները, հումանիտար առարկաները, արվեստներն ու սպորտը).
  • արժեքներ, որ թույլ կտան ձևավորել ոչ միայն գիտելիքներով զինված մարդ, այլև բարոյապես մաքուր, սեփական ինքնությանը հաղորդ, պատկանելության և պատասխանատվության գիտակցություն ունեցող քաղաքացի, համայնք, միջավայր. 
  • ստեղծարարություն և աշխատելու արվեստ («Այբ» դպրոցը զինված է ստեղծագործ գաղափարների իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաներով, որպեսզի աշակերտները համաքայլ ընթանան արագորեն զարգացող գիտությանը և իրական ժամանակում փորձարկեն ստացած գիտելիքները)։ 

Ուսուցիչներ
«Այբ» դպրոցը (= «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ) գործում է որպես դասավանդման լավագույն փորձի ստեղծման լաբորատորիա:
«Այբ» կրթական հանգույցի ստեղծագործական ծրագրերի մեջ ներգրավված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` գիտնականներ, արվեստագետներ, գործարարներ` ապահովելով դպրոցի կապը կյանքի և տեխնոլոգիաների նորագույն զարգացումների հետ:

 

Կրթավճարային համակարգ

«Այբ» դպրոցի ավագ բաղադրիչը Հայաստանի ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է: «Այբ» ավագ դպրոցում կիրառվում է կրթավճարային համակարգ՝ նպատակ ունենալով ապահովելու տաղանդավոր երեխաների անկախությունը ծնողների ֆինանսական հնարավորություններից և հավասար հնարավորություններ տալու ընդունված բոլոր աշակերտներին: «Այբ» կրթական հիմնադրամը հայթայթում է ֆոնդեր անհատ բարերարների ու կազմակերպությունների նվիրատվություններից, որպեսզի որևէ աշակերտ, որ ընդունվել է «Այբ» ավագ դպրոց, չզրկվի այստեղ սովորելու հնարավորությունից ֆինանսական պատճառներով: «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 75%-ը ամեն տարի «Այբ» կրթական հիմնադրամից ստանում է կրթավճար (ուսման արժեքի փոխհատուցում):

 

Աջակիցների համայնք

«Այբ» դպրոցը, որը երկրի կրթական նորագույն զարգացումների ուղենիշ է, կյանքի է կոչվել բազմաթիվ գաղափարակիցների, բարերարների ու աջակիցների վստահության ու պտղաբեր ջանքերի շնորհիվ: Այսօր «Այբ»-ի դպրոցաշինության ծրագրին մասնակցող մարդկանց այս ցանցը գործում է որպես մենտորական հզոր համակարգ, ուր ամեն մեկը, օգտագործելով իր գիտելիքը, փորձն ու կապերը, նպաստում է նոր տաղանդների բացահայտմանն ու զարգացմանը՝ այն համոզմամբ, որ վաղը կայանալուց հետո նրանք էլ ձեռք կմեկնեն իրենցից հետո եկողներին: 
 

•   2021-2022 ուստարում «Այբ» դպրոցն ունեցել է 478 աշակերտ.
162-ը՝ ավագ դպրոցում,
162-ը՝ միջինում,
154-ը՝ տարրականում։
• 2021-ին «Այբ» կրթական հիմնադրամը «Այբ» դպրոցին փոխանցել է 80 012 742 ՀՀ դրամ՝ ավագ դպրոցի աշակերտների ուսման վարձի փոխհատուցման (կրթավճարի) համար, որից 1 560 573 դրամը՝ անվանական կրթավճար։ 
•   176 աշակերտ (աշակերտների 78,2%-ը) ստացել է կրթաթոշակ։
•   ՀԲԸՄ  «Վահե Կարապետյան» կենտրոնում բնակվել է 23 աշակերտ Տավուշի, Վայոց ձորի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի մարզերից։
•   Ձևավորվել և գործարկվել է նախագծային ուսումնառության 11 ակումբ։

 

Օգտակար նյութեր ու հղումներ
«Այբ»․ հաջողության ճանապարհն ունի սկիզբ