Պատանի քիմիկոսների մրցաշար - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Պատանի քիմիկոսների մրցաշար
  • Պատանի քիմիկոսների մրցաշար
  • Պատանի քիմիկոսների մրցաշար
  • Պատանի քիմիկոսների մրցաշար

Պատանի քիմիկոսների մրցաշար

2010 թվականից «Այբ» հիմնադրամը Հայաստանում անցկացնում է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը (ՊՔՀՄ), այժմ՝ Պատանի քիմիկոսների մրցաշար (ՊՔՄ)՝ նախատեսված քիմիայի սիրահար աշակերտների համար: Այն փոխներգործուն խաղի սկզբունքով իրականացվող մրցույթ է, որում 9-12-րդ դասարանների աշակերտները լուծում են քիմիայի բարդ առաջադրանքներ, բանավիճում գիտական թեմաների շուրջ և ներկայացնում իրենց հետազոտությունների արդյունքները: Մրցույթը հնարավորություն է տալիս բարձր դասարանի աշակերտներին ամբողջ թիմով փնտրելու և գտնելու լուծումներ այնպիսի հարցադրումների, որոնք այս պահին գուցե դեռ լուծում չունեն:
 

Մրցույթի վերաբերյալ նյութերը կարող եք ներբեռնել այստեղից (2021թ. առաջադրանքներ, կարգ, օրինակելի սահիկաշարի նմուշ):

 

Մրցաշարին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ մինչև 2021 թ․ մարտի 30-ը։  


Պատանի քիմիկոսների մրցաշարն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Նախաձեռնության գաղափարը և մրցույթի անցկացման տեխնոլոգիան փոխառված են նմանատիպ համաուկրաինական մրցաշարից:

 

Մրցույթն անցկացվում է երեք փուլով.

 

•    Քառորդ եզրափակիչ. թիմերը մասնակցում են քիմիայի վիկտորինային, որի ընթացքում
     սահմանված ժամանակահատվածում պետք է պատասխանեն հարցաշարի հարցերին:
•    Կիսաեզրափակիչ. այս փուլ են դուրս գալիս քառորդ եզրափակիչ փուլում ընտրված թվով 6-12 թիմեր:
•    Եզրափակիչ. մարտին մասնակցում են կիսաեզրափակիչ փուլերում հաղթած թիմերը:
     Եզրափակչի արդյունքում որոշվում է մրցաշարի հաղթողը:

 

Բոլոր երեք փուլերի բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ: Եզրափակիչ փուլի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն ու նրանց մարզիչներն արժանանում են նաև դիպլոմների և մրցանակների: Մասնակիցներին խրախուսելու համար, կիսաեզրափակիչ փուլի արդյունքների հիման վրա, ժյուրին պատվոգրեր է շնորհում նաև «լավագույն զեկուցող», «լավագույն ընդդիմախոս», «լավագույն գրախոս», յուրաքանչյուր թիմում «լավագույն մասնակից» և անհատական արդյունքներով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիր անվանակարգերում։

 

Մրցույթի շնորհիվ աշակերտները սովորում են հետաքրքիր ձևով ներկայացնել լուծման իրենց տարբերակները և ոչ միայն գրավել ժյուրիի և հանդիսատեսի սրտերը վարժ զեկույցով կամ հմուտ ընդդիմախոսությամբ, այլև այդ ամենը հիմնավորել գիտելիքով: ՊՔՄ-ն իր շուրջ հավաքում է տարբեր մարզերից քիմիայի նվիրյալ ուսուցիչների ու աշակերտների: Մրցաշարի շնորհիվ ստեղծվում են դպրոց-համալսարան, ուսուցիչ-աշակերտ-դասախոս-գիտնական կապեր:


Ահա մի քանի առաջադրանք, որ մեր դպրոցականները փորձում են գիտական մակարդակով լուծել մրցաշարի շրջանակներում:

 
1.    Մատենադարան։ Բնութագրեք ֆիզիկաքիմիական այն հիմնական գործընթացները, որոնք ընկած են կտավների, գրքերի և ձեռագիր մատյանների «ծերացման» հիմքում: Ինչպե՞ս կարելի է դանդաղեցնել այդ գործընթացը: Նկարագրեք կտավների վերականգնման հիմնական եղանակները և նշեք դրանց թերությունները:
2.    Օրգանիզմը որպես փորձանոթ։ Օրգանիզմը կարելի է դիտարկել որպես կատարյալ փորձանոթ, որտեղ կարգավորված մեխանիզմներով ընթանում են բազմաթիվ և բազմատեսակ ռեակցիաներ: Նկարագրեք որոշ փոխակերպումներ և դրանց խանգարման արդյունքները:
3.     «Անտեսանելի թանաք»։ Առաջարկեք «անտեսանելի թանաքի» և որոշ գործոնների ազդեցությամբ «տեսանելիության» դարձելի փոփոխությամբ օժտված որևէ նյութ կամ նյութերի խառնուրդ: Գնահատեք այդպիսի թանաքի կիրառման հնարավորությունը:

 

 

Համագործակից կառույցներ

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.
 

Մրցույթի գլխավոր հովանավոր՝  «AZAD Pharmaceuticals» ՍՊԸ

Մրցույթի հովանավոր` «ProfHolod» ՍՊԸ

Ավելին

1387

աշակերտ

ՀՀ տարբեր մարզերից և Արցախից մասնակցել է Պատանի քիմիկոսների մրցաշարին

  • Պատանի քիմիկոսների մրցաշար
  • Պատանի քիմիկոսների մրցաշար
  • Պատանի քիմիկոսների մրցաշար
  • Պատանի քիմիկոսների մրցաշար
  • Պատանի քիմիկոսների մրցաշար
  • Պատանի քիմիկոսների մրցաշար

Մրցաշարի նպատակները

1

Ներգրավել

աշակերտներին գիտական գործունեության մեջ:

 

2

Նպաստել

աշակերտների ստեղծագործական կարողությունների ու գիտական քննարկումներ վարելու հմտությունների զարգացմանը:

 

3

Սովորեցնել

աշակերտներին խմբային աշխատանքի չափանիշներն ու ձևերը:

 

4

Խթանել

քիմիայի արտադասարանական աշխատանքները:

5

Զարգացնել

միջառարկայական կապերը:

6

Մասնակից դարձնել

առաջատար գիտնականներին, ասպիրանտներին և ուսանողներին աշակերտների հետ աշխատանքին:

7

Բարձրացնել

ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության մակարդակը: