«Այբ» հիբրիդային կրթությունը միջազգայնորեն մրցունակ և համապարփակ կրթական մոդել է՝ հիմնված «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրի վրա։ Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրակրթական դպրոցների (ինչպես նաև քոլեջների և ուսումնարանների) 10-րդ դասարանցիների համար։
Ծրագրի առաջին շրջափուլին մասնակցում է 66 աշակերտ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից և Արցախից։
Իսկ թե ինչ կտա Ձեզ հիբրիդային կրթությունը կարող եք իմանալ՝ լսելով մեր նախագծավարներին, սեփական նախագծերը մշակած սովորողներին և առաջատար մասնագետներին։ Տեսաշարը՝ նկարում։
«Այբ» հիբրիդային կրթությունը դառնալու է հաջողության այն բանալին, որով աշակերտները կարող են բացել լավագույն համալսարանների դռները և աշխատանքի անցնել լավագույն գործատուների մոտ։ Ծրագիրը կազմված է հետևյալ բաղադրիչներից՝
- բնագիտամաթեմատիկական ոլորտում կիրառական կամ հետազոտական նախագծի իրականացում՝ թիմերով
- մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և ՏՀՏ առարկաներից որևէ մեկի (աշակերտի ընտրությամբ) դասընթաց՝ միջազգային ճանաչում ունեցող քննություն հանձնելու հնարավորությամբ
- «Ստեղծարար մտածողություն, նախագծերի կառավարում և հետազոտական հմտություններ» դասընթաց
- դասախոսություն-հանդիպումներ հեղինակավոր խոսնակների հետ
- «Ինքնություն և արժեքներ» դասընթաց
- մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ և այցեր
- համայնքային հավաքներ ու քննարկումներ
«Այբ» հիբրիդային կրթությունը նախագծային կրթություն է, որը համարվում է աշխարհում լավագույն կրթական մոդելներից մեկը։ Նշենք, որ այս կրթությունը չի փոխարինելու դպրոցական ծրագիրը, այլ լրացնելու է այն։
Ծրագրի նպատակներից մեկն աշակերտին օգնելն է մասնագիտական կողմնորոշման հարցում։
Դասաժամերը նախագծված են այնպես, որ չեն համընկնում հիմնական դպրոցական կրթության ժամերի հետ։ Աշակերտի շաբաթական զբաղվածությունը 10 ժամ է։