Կրթական նոր հնարավորություններ «Քան» ակադեմիայի հետ Շիրակում, Լոռիում և Կոտայքում - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Կրթական նոր հնարավորություններ «Քան» ակադեմիայի հետ Շիրակում, Լոռիում և Կոտայքում
  • Կրթական նոր հնարավորություններ «Քան» ակադեմիայի հետ Շիրակում, Լոռիում և Կոտայքում
  • Կրթական նոր հնարավորություններ «Քան» ակադեմիայի հետ Շիրակում, Լոռիում և Կոտայքում

Կրթական նոր հնարավորություններ «Քան» ակադեմիայի հետ Շիրակում, Լոռիում և Կոտայքում

16 օգոստոսի / 2021

«Այբ» կրթական հիմնադրամը «Քան» ակադեմիայի հարթակի միջոցով ապահովելու է հայալեզու բարձրորակ անվճար կրթության հասանելիություն Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի աշակերտների և ուսուցիչների համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հեռավար և առկա  աշխատարաններ միջին և ավագ դպրոցների շուրջ 1500 աշակերտների և բնագիտական առարկաների և մաթեմատիկայի 150 ուսուցիչների համար։ Ուշադրության կենտրոնում են լինելու մասնավորապես գյուղական համայնքների դպրոցների և Արցախից տեղահանված աշակերտներն ու ուսուցիչները։

Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն բաց է գրանցումը Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի աշակերտների ու գիտության (կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա) և մաթեմատիկայի ուսուցիչների համար։ Աշխատարանների ընթացքում աշակերտներն ու ուսուցիչները կծանոթանան հայալեզու կրթական ռեսուրսների հետ աշխատելու նոր գործիքներին, որոնք ուսումնառությունը և ուսուցումը կդարձնեն ավելի հեշտ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար։ Գրանցվելու համար պետք է հետևել հղումներին՝ աշակերտներ, ուսուցիչներ։ 

Ինչպես գիտեք, «Քան» ակադեմիան համաշխարհային կրթական հարթակ է, որի առաքելությունը բարձրորակ կրթություն ապահովելն է բոլորի համար և ամենուրեք։ «Քան» ակադեմիայի հայկական հարթակի հիմնադրումից ի վեր ավելի քան 35 000 տեսադասեր և 40 000 վարժություններ ու հոդվածներ են տեղայնացվել տարբեր առարկաներից՝ մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, հումանիտար գիտություններ, համակարգչային գիտություն, ծրագրավորում և այլն։ Այս պահին մեզ համար առաջնահերթություն է ընդլայնել գիտատեխնիկական ոլորտին վերաբերող նյութերը հարթակում և ստեղծել հնարավորություն բոլոր աշակերտների և ուսուցիչների համար՝ կիրառելու դրանք իրենց ուսումնառության և դասավանդման ընթացքում։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների համար COVID-19-ի հետևանքների չեզոքացման աջակցության ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» (“People In Need”) բարեգործական ՀԿ-ի կողմից տրված դրամաշնորհի միջոցով։

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի շրջանակներում իրականացվելու են Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի գիտության և մաթեմատիկայի ոլորտի առարկաների ուսուցիչների հետ վերապատրաստման դասընթացներ և աշխատարաններ, իսկ աշակերտների հետ աշխատարանների միջոցով փորձելու ենք խթանել ինքնակրթության մշակույթը՝ խրախուսելով առցանց կրթական հարթակների օգտագործումը՝ որպես կրթության լրացուցիչ միջոց։ Ծրագիրը նախատեսում է ապահովել նաև ուսուցիչներին շարունակական մենտորությամբ և օժանդակությամբ, որի ընթացքում «Քան» ակադեմիայի ուսուցիչների համայնքի ակտիվ անդամների մասնակցությամբ վեբինարների միջոցով տեղի կունենա փորձի փոխանակում և ծրագրում ընդգրկված մարզերի ուսուցիչների ներգրավում «Քան» ակադեմիայի ուսուցիչների համայնքում։

Համոզված ենք, որ «Քան» ակադեմիայի հարթակի ընդլայնումը ծառայելու է բոլորին և ամենուրեք համաշխարհային մակարդակի անվճար հայալեզու կրթությամբ ապահովելու մեր նպատակին և կրթության նորարարական մեթոդների շնորհիվ նպաստելու մարզերում գիտատեխնիկական ոլորտի կայուն զարգացմանը, որի առաջամարտիկներից են լինելու ծրագրի միջոցով ստեղծված ուսուցչական և աշակերտական ակտիվ համայնքները։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին